8 հունիսի 2007 - 16:36 AMT
«Արտույտների ագարակը» կբացի «Ոսկե ծիրան» IV միջազգային կինոփառատոնը
Իտալացի կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանի եղբայրների` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը կբացի «Ոսկե ծիրան» IV միջազգային կինոփառատոնը, որը կանցնի Երեւանում հուլիսի 9-14-ը: Այդ մասին Երեւանում հայտարարել է կինոփառատոնի հիմնադիր եւ տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքերով, պրեմիերային կժամանեն Տավիանի եղբայրները, սցենարի հեղինակ, հայկական ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանը եւ գլխավոր դերակատարներ կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանն ու ֆրանսիացի դերասան Չեկի Կարիոն, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:

Ֆիլմը պատմում է Արեւմտյան Հայաստանում ապրած եւ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայկական ընտանիքի մասին: Կինոֆիլմը հանդիսանում է Իտալիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրանքը, դրա բյուջեն կազմում է 9,7 մլն. եվրո:

Փառատոնի բացումը ինչպես միշտ կսկսվի Երեւանի Շարլ Ազնավուրի անվ. հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, ծիրանի օրհնման արարողությունից: «Ոսկե ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը անցել է Երեւանում 2004 թվականի հունիսի 30-հուլիսի 4-ը: Ներկա դրությամբ փառատոնը հանդիսանում է տարածաշրջանի առավել պատվավոր փառատոններից մեկը: