Բարսելոնայի Կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները գտել են քիմիաթերապիայի հանդեպ քաղցկեղային ուռուցքների բազմակի ռեզիստենտության (կայունության) պատճառը, որի պատճառով հիվանդությունը որոշ դեպքերում անբուժելի է լինում, հայտնում է Rg.ru-ն Proceedings of the National Academy of Sciences-ի վրա հղումով:
Գիտնականները նշում են, որ հանդիպում են չարորակ գոյացություններ, որոնք ի սկզբանե կայուն են գոյություն ունեցող հակաուռուցքային միջոցների հանդեպ:
Պարզվել է, որ մի շարք ուռուցքներ (օրինակ, ստամոքսի, հաստ աղիի) չունեն TP53TG1 մոլեկուլ, որը ճնշում է YBX1 սպիտակուցը: Վերջինս, հայտնվելով բջջի միջուկում, կարող է ակտիվացնել հարյուրավոր օնկոգեներ: Այդ գործընթացը խոչընդոտում է չարորակ բջիջների ոչնչացմանը:
Այժմ մասնագետների գործունեությունն ուղղված է այնպիսի դեղամիջոցների մշակմանը, որոնք թույլ կտան պայքարել բազմակի ռեզիստենտության դեմ:
Գիտնականները մտադիր են ավելի խորը ուսումնասիրել TP53TG1 մոլեկուլի ազդեցությունը քիմիաթերապիայի հանդեպ զգայունություն վերականգնման վրա: