11 հունիսի 2007 - 16:35 AMT
ԱՄՆ-ի ռազմական ներխուժումն Իրան անխուսափելի է, իսկ Թեհրանում մշակվում է Բաքվի գրավման ծրագիր
ԱՄՆ-ի ռազմական ներխուժումն Իրան անխուսափելի է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն չափազանց մեծ կորուստներ ունեցավ վերջերս եւ չի նահանջի: «Ամերիկյան բանակը պարտվում է Իրաքում, որը զենքով է մատակարարվում սահմանակից երկրներից եւ դա բավականին ծանրակշիռ պատճառ է պատերազմ սկսելու համար: Այդ դեպքում Հայաստանը պետք է չեզոք մնա: Ճիշտ է, կա ռադիոակտիվ վարակի վտանգը: Իրանում 4 ատոմակայան կա` Բուշերը, որը բավականին հեռու է Հայաստանի սահմաններից, երկուսը Թեհրանի մերձակայքում եւ մեկը` Թավրիզում: Անբարենպաստ քամիների դեպքում Թավրիզի կայանին հասցված հարվածը կարող է լրջորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Իրանի առաջին պատասխան հարվածն ուղղված կլինի հենց նրա կողմը: Իմ տվյալներով, իսկ դրանք բավականին ճշգրիտ են, Թեհրանում մշակում են Բաքուն գրավելու ծրագիր»,-ընդգծել է Լ.Մելիք-Շահնազարյանը: