15 նոյեմբերի 2016 - 14:25 AMT
Հայկական ԱԹՍ խոցման մասին ադրբեջանցիների տարածած լուրը հերթական ապատեղեկատվությունն է

Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հերթական ապատեղեկատվությունն է: Այդ տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հերքել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա նշել է, որ «դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է և իրականությանը չի համապատասխանում»:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Տերտերի ուղղությամբ:

Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1300 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (7 արկ)` հյուսիսային ուղղությամբ օգտագործելով նաև ենթափողային նռնականետ (1 արկ):