16 նոյեմբերի 2016 - 14:35 AMT
Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների 8-րդ հանդիպումը կկայանա Երևանում

Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ հետազոտության և նորարարության հարցերին նվիրված երկխոսությունը:

Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Երևան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը չի մասնակցի երևանյան հանդիպմանը: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, նախարար Մամեդյարովն «այդ օրը կարևոր հանդիպումներ ունի պլանավորած Փարիզում և ի սկզբանե մտադիր չէր մասնակցել Երևանում կայանալիք հանդիպմանը»:

2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: