19 նոյեմբերի 2016 - 13:37 AMT
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են գործակցության ընթացքն ու հեռանկարները

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի խորհրդատվական աջակցությունը։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ձևաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

Նոյեմբերի 18-ին Հայաստանում ավարտվել է «ՆԱՏՕ-ի շաբաթը», որի ընթացքում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է լայն հանրությանը ներկայացնել այն գործողությունների, համագործակցության շրջանակը, որը Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ-ի հետ:

2004 թվականից Հայաստանը տարբեր առաքելություններում ունի խաղաղապահ բրիդագներ, որոնք ամերիկյան, գերմանական, հունական ղեկավարության ներքո անվտանգությունն ապահովում են այնպիսի երկրներում, որտեղ խաղաղության հասատատումը խնդրահարույց է եղել: