19 նոյեմբերի 2016 - 15:07 AMT
Իրանի հետ մեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի իրականացնել առանց գրավադրման և թույլտվության

Իրանն ու Հայաստանը ավտոմեքենաների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Panorama.am-ը իրանական «Մեհր» լրատվական գործակալության վրա հղումով:

ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի խոսքով, Հայաստան կատարած այցի շրջանակում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն մեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի իրականացնել առանց գրավադրման և թույլտվության:

Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ աշխատանքային խումբ կձևավորվի, որն իրանական կողմի հետ կքննարկի Հայաստանից Իրան հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման հարցերը, ինչպես նաև գործարարների հետ կքննարկի Իրանին սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները:

Հայտնի է դարձել նաև, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (կոմինացված), այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:

Փորձնական տարբերակով 2 կոնտեյներ արդեն իսկ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: