22 նոյեմբերի 2016 - 13:14 AMT
ՄԱԿ ԳՎ-ն բանաձև է ընդունել ԱՊՀ երկրների հետ գործակցության մասին

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ընդունել է ՄԱԿ և ԱՊՀ երկրների համագործակցության մասին բանաձևի նախագիծը, որը ներկայացրել էր Ղրղզստանը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն:

«Ղրղզստանի պատվիրակությունը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ընդլայնված նիստում ներկայացրել է «ՄԱԿ և ԱՊՀ միջև համագործակցության մասին» բանաձևի նախագիծը: Նիստի ավարտին ՄԱԿ ԳՎ-ն ընդունել է ներկայացված բանաձևի նախագիծը կոնսենսուսի հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշել է նիստում ՄԱԿ-ում Ղրղզստանի մշտական ներկայացուցիչ Միրգուլ Մոլդոիսաևան, ԱՊՀ-ն միտված է զարգացնելու Համագործակցության անդամ երկրների միջև գործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում:

1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովում: ՀՀ-ն հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի նախապատրաստման և իրագործման ակտիվ մասնակից: