25 նոյեմբերի 2016 - 11:40 AMT
ՌԴ ռազմական փորձագետներ. ԻՊ-ն քիմզենք է կիրառել Սիրիայում

Ռուսաստանի ռազմական փորձագետներն ապացուցել են, որ սիրիացի գրոհայինները մարտական թունավոր նյութ` իպրիտ են կիրառել Հալեպ գավառում խաղաղ բնակչության դեմ:

Իպրիտը կիրառվել է սեպտեմբերին Մարատ Ում Հաուշ բնակավայրի մոտ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության փորձագետները, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Էքսպրես հետազոտությունը ցույց է տվել մաշկային ազդեցության մարտական թունավոր նյութի` իպրիտի առկայություն: Վերցվել է 20 մլ նմուշ, այն տեղադրվել է հերմետիկ տարայի մեջ և հասցվել Հալեպի Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոն հետագա հետազոտման համար»,-ասել է փորձագետը:

Չպայթած զինամթերը հայտնաբերվել էր Մարատ Ում Հաուշ բնակավայրի զինվորական զորամասի մոտ: Դա եղել է 240-միլիմետրանոց ական, որը պարունակել է 0,5-1,5 լ սև գույնի յուղային հեղուկ:

Սեպտեմբերին գրոհի ժամանակ տուժել է 40 խաղաղ բնակիչ: Տուժածներից մեկը նկարագրել է ախտահարման հատկանիշները, որոնք բնորոշ են իպրիտի ազդեցության դեպքում: Իպրիտն արգելված է 1923-ից: Ավելի վաղ Հալեպ գավառում հայտնաբերվել են նաև քլորի և սպիտակ ֆոսֆորի հետքերով արկեր: