25 նոյեմբերի 2016 - 12:44 AMT
Վարչապետը՝ Չինաստանի դեսպանին. ՀՀ-ն չինական բիզնեսի համար կարևոր հարթակ կարող է դառնալ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպմանը նա ասել է, որ Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից:

Վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մեծ ներուժի իրացման ուղղությամբ:

Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները:

Թիան Էրլունը նշել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ավելացրել, որ հատկապես կարևորում է տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Հայաստանը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ GSP+ (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ բանակցություններ է վարում: Այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով՝ բանակցությունների փուլի հաջող ավարտի դեպքում Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան՝ առանց սահմանափակումների և մաքսատուրքերի: Կարայանը չի հայտնել, թե կոնկրետ ի՞նչ ապրանքներ կարտահանվեն, ըստ նրա՝ դա կախված է բանակցություններից: