29 նոյեմբերի 2016 - 12:36 AMT
Լուկաշենկոն ու Ալիևը ԼՂՀ հիմնախնդրի շուրջ համատեղ հայտարարություն են ընդունել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկօրյա այցով գտնվում է Բաքվում, նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարություն է ընդունել: Այս մասին հաղորդում է բելառուսական Belta.by կայքը:

«Կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին և ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ:

Հարկ է նշել, որ Հավաքական անվտանգության պայմանագրով Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի վրա՝ որպես մոտ ընկերոջ»:

Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարները, հղում անելով ԵԱՀԿ շրջանակում առաջադրված սկզբունքներին, որոնք ուղղված են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև՝ Մինսկի խմբի գործունեությանն ու համանախագահներին, կարևորել են նաև խնդրի արագ կարգավորման համար ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը:

Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:

Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան շքանշանով։