Ռուսաստանը պաշտոնապես զգուշացրել է Ուկրաինային, որ մտադիր է խոցել նրա հրթիռները, եթե Սև ծովում հրետանային զորավարժանքի արդյունքում դրանք հայտնվեն Ղրիմի մոտակայքում: Համապատասխան իրազեկումը հրապարակվել է օդանավերի իրազեկման ու աէրոնավիգացիոն տեղեկատվության NOTAM կայքում:
Փաստաթղթում ասվում է, որ Օդեսայի և Սիմֆերոպոլի թռիչքային գոտում հրթիռների հայտնաբերման դեպքում ՌԴ հակաօդային պաշտպանությունը խոցելու է դրանք:
«Եթե գործարկված հրթիռները սպառնալիք հանդիսանան ռուսական օբյեկտների համար` օդում, ծովում կամ ցամաքում, պատասխան հարված կհասցվի»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ի պատասխան Ուկրաինայի դեկտեմբերի 1-ին և 2-ին հրետակոծության կապակցությամբ արգելված գոտիների մասին իրազեկման, հայտնում է Deutsche Welle-ն:
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Ուկրաինայի ՌՕՈւ ուսումնական օդային հրթիռային վարժանքներ է սկսել երկրի հարավում և Սև ծովի հատվածում: Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Հարավ» օդային հրամանատարության մամուլի կենտրոնի պետ Վլադիմիր Կրիժանովսկին: