27 հունիսի 2007 - 14:40 AMT
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանությունն իրագործողները պետք է ճանաչեն այդ ոճրագործությունը եւ ներողություն խնդրեն
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ: Հունաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, արծաթե եղեւնի է տնկել Հիշատակի պուրակում եւ այցելել է Ցեղասպանության թանգարան: Հուշամատյանում Կարոլոս Պապուլիասը գրել է. «Հայոց ցեղասպնությունը մարդկության պատմության սեւ էջերից է, եւ այն իրագործողները պետք է ճանաչեն այդ ոճրագործությունը, պատասխան տան եւ ներողություն խնդրեն»: Նշենք, որ Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի նախագահին «Հուշամեդալ» է հանձնել եւ ծանոթացրել թանգարանի ցուցանմուշներին: