Գերմանիա տեղափոխված ԵՄ երկրների քաղաքացիները, որոնք աշխատանք չեն գտնում, այսուհետ կկարողանան հավակնել սոցփաթեթի միայն ԳԴՀ-ում 5 տարի ապրելուց հետո: Համապատասխան փոփոխություններն օրենքում Բունդեսթագը կատարել է դեկտեմբերի 1-ին:
Մասնավորապես, դա նշանակում է, որ օտարերկրացիները չեն կարողանա դիմել սոցիալական օգնության համար Գերմանիայում աշխատանք որոնելիս` գայթակղվելով գերմանական սոցփաթեթների բարձր մակարդակով: Այդ միջոցն ուղղված է ներգաղթյալների մուտքը երկիր սահմանափակելուն, հայտնում է Deutsche Welle-ն:
Մինչ 5-ամյա ժամկետը լրանալը ԵՄ քաղաքացիները կարող են հավակնել սոցիալական օգնություն ստանալուն առավելագույնը 1 ամսվա համար, ինչը թույլ կտա նրանց հայրենիք վերադառնալ:
2015-ին ԳԴՀ Սոցիալական հարցերի դաշնային դատարանը որոշել էր, որ ԵՄ քաղաքացիները կարող են հավակնել սոցփաթեթի Գերմանիայում 6 ամսից ավելի բնակվելու դեպքում:
Բունդեսթագի ընդունած փաստաթուղթը դեռ պետք է հաստատվի բուդեսրատում:
2013-ից սկսած Գերմանիայում տարածում ստացավ «սոցիալական տուրիզմ» արտահայտությունը: Այդպես են անվանում Արևելյան Եվրոպայի և այլ երկրներից Գերմանիա և այլ ավելի բարեկեցիկ երկրներ ժամանող քաղաքացիներին: