Գերմանական Ophardt Hygiene Technologies ընկերությունը մտադիր է Հայաստանում հականեխիչ նյութերի արտադրություն սկսել: Այդ մասին ընկերության հիմնադիր և տնօրեն Հայներ Օփհարդտը և ամերիկյան Babikian Design Concept ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Պապիկյանը հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:
Հայներ Օփհարդտը նախարարին է ներկայացրել աշխարհի 7 երկրում գործունեություն ծավալող հականեխիչ դիսպենսեր սարքերի արտադրությունը: Նա տեղեկացրել է նաև, որ Ophardt Hygiene Technologies ընկերությունը մտադիր է Հայաստանում ևս հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնել: Ըստ Հայներ Օփհարդտի` Հայաստանից ապրանքը կարելի է արտահանել նաև Իրան և ԵՏՄ երկրներ:
Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների նախաձեռնությունը և վստահեցրել, որ նախարարությունն անելու է առավելագույնը, որպեսզի ներդրողները օր առաջ սկսեն արտադրությունը առանց որևէ խոչընդոտի: Նախարարը ներկայացրել է արտահանման այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռվում են արտահանողներին GSP, GSP+, ԱՊՀ Ազատ առևտրի գոտու, ԵՏՄ շուկայի, Իրանի հետ խորացվող տնտեսական հարաբերությունների և ստեղծվելիք ազատ առևտրի գոտիների շնորհիվ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին` հույս հայտնելով, որ Ophardt Hygiene Technologies ընկերությունը մոտ ապագայում կմեկնարկի արտադրությունը Հայաստանում:
Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է ԵՄ երկրների շարքում. վերջին 5-6 տարիների ընթացքում առևտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 մլն դոլարի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հայաստանում գործում է մի քանի տասնյակ գերմանական կապիտալով ընկերություններ, որոնք իրենց ներդրումն են բերում ՀՀ զարգացման գործին։ Արդյունաբերության ոլորտում կարևորագույն, հաջողված ծրագրերից մեկը համարվում է «Քրոնիմետի» հետ համագործակցությունն է, որը հանդիսանում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը:
Ավելի վաղ ՀՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ: