6 դեկտեմբերի 2016 - 13:28 AMT
Տիգրան Սարգսյան. Իրանն առաջնային երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահիի հետ Մոսկվայում քննարկել է Իրանի և ԵՏՄ երկրների միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը: Այդ մասին ասվում է ԵՏՀ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությայն մեջ:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին առևտրային գործակցության ուղղությունները քննարկելու հնարավորության համար: «Առևտրի ազատ գոտու ձևավորման հարցը կարևորագույնն է ԵՏՄ և Իրանի միջև»,-ասել է Սարգսյանը: Նա հավելել է, որ Իրանը գերակա երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից: «Մենք կարծում ենք, որ լուրջ ներուժ կա տնտեսական աճի խթանման համար»,-ասել է Սարգսյանը:

Սանահին իր հերթին հավաստիացրել է, որ Իրանի մտադրությունները լուրջ են ԵՏՄ երկրների հետ ԱԱԳ ստեղծման հարցում և հաստատել է, որ շահագրգռված է արդյունավետ գործակցություն ձևավորելու մեջ»,-հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպանը:

«Իրանը լավ առևտրատնտեսական հարաբերություններ ունի ԵՏՄ բոլոր երկրների հետ, ուստի կան բոլոր հիմքերն արդյունավետ համագործակցության համար»,-ասել է ՌԴ-ում Իրանի դեսպանը:

Նշվում է, որ կողմերը հավանություն են տվել Սանահիի առաջարկին Իրանում խորհրդաժողովի կազմակերպման առաջարկին, որի նպատակը կլինի լուսաբանել ԵՏՀ աշխատանքը, ԵՏՄ գործելաոճն ու Իրանի և ԵՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ:Նա նշել էր, որ գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար:

Անդրադառնալով այն հարցին,թե Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ` Արծվիկ Մինասյանն ասել է, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանի համար համարվում է տրված, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵՏՄ-ի միջև չի նախատեսվում այս առումով, և դրա կարիքն էլ չկա: