29 հունիսի 2007 - 18:44 AMT
Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանում իր ներկայացուցչության մակարդակի բարձրացման մասին
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ու Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա փուլի մասին եւ նշեց, որ այն ունի ընդարձակ օրակարգ, որի իրագործման համար ՀՀ ԱԳՆ-ն պատրաստ է սերտորեն համագործակցել պատվիրակության հետ: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ակտիվորեն զարգանում են եւ պահանջում լրացուցիչ ջանքեր Գործողությունների ծրագրի իրագործման համար:

Դեսպան Էկլունդը տեղեկացրեց տարվա ընթացքում Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցչության մակարդակի բարձրացման վերաբերյալ ԵՀ որոշման մասին: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: