9 դեկտեմբերի 2016 - 11:20 AMT
Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է

Դեկտեմբերի 9-ին նշվում է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ու դրա կանխարգելման միջազգային օրը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն՝ մանրամասնելով, որ օրը Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից սահմանվել է 2015-ին:

Դեկտեմբերի 9-ը պատահական չի ընտրվել. 1948 թ. այս օրը ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դրա պատժման մասին կոնվենցիան։

Կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը բնորոշվում է որպես «միտումնավոր գործողություն՝ ուղղված որևէ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասամբ վերացնելուն»:

Կենվենցիայում նշվում է, որ ցեղասպանությունը՝ անկախ նրանից, թե երբ է իրականացվում՝ խաղաղ, թե պատերազմական գործողությունների ժամանակ, միջազգային իրավունքի նորմերը խախտող հանցագործություն է, որի դեմ կոնվենցիայի մասնակիցները պարտավոր են կանխարգելիչ գործողություններ իրականացնել ու պատժել:

Ցեղասպանության կանխման ու դադարեցման գլխավոր պատասխանատվությունը կրում է այն պետությունը, որում իրագործվում է հանցագործությունը: Փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ ցեղասպանության կանխման հարցում կարևորագույն գործոններից է այդ հանցագործության անպատժելիության դեմ պայքարը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, աղբյուրը նշում է, որ 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն են ճանաչվել բազմաթիվ պետությունների, Եվրախորհրդարանի ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:

Սակայն ժամանակակից աշխարհում ևս ցեղասպանությունը շարունակում է գլոբալ սպառնալիք մնալ մարդկության համար: