2 հուլիսի 2007 - 18:24 AMT
Վարդան Օսկանյանը խնդրել է պարզաբանել Թերի Դեւիսի հայտարարությունները Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ
ԼՂՀ-ում ընտրությունների մասին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարության նման հայտարարությունները չեն արտահայտում իրողությունը: Այդ մասին Պ.Սեգրենի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Դեւիսին նամակ է հղվել, խնդրելով պարզաբանել, թե նա կոնկրետ ինչ ի նկատի ուներ, խոսելով Լեռնային Ղարաբաղում ընտրությունների եւ այն մասին, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մի մասն է կազմում: «Ես հուսով եմ, որ Թ.Դեւիսը կպատասխանի իմ նամակին»,-ասել է Օսկանյանը: Իր հերթին Պ.Սեգրենն ընդգծել է, որ «սառեցված հակամարտությունների» տարածքում կայացած ցանկացած ընտրություն չի ճանաչվում ոչ Եվրոպայի Խորհրդի, ոչ Եվրամիության կողմից: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այդ հարցը ԵԱՀԿ ՄԽ իրավասության մեջ է: ԵԽ մանդատը կապված չէ հակամարտության կարգավորման հետ, մենք օգնում ենք հասնել քաղաքական կարգավորման»,-ասել է Սեգրենը:

Հիշեցնենք, որ հայկական գործակալություններից մեկին տված հարցազրույցում Թ.Դեւիսը հայտարարել է, որ ԵԽ-ն երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները: Դեւիսն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում: