12 դեկտեմբերի 2016 - 11:10 AMT
Հարյուրավոր գրոհայիններ վայր են դրել զենքը Հալեպում

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը, հայտնում է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի ռուսական հաշտեցման կենտրոնը:

Գրոհայինների կողմից վերահսկվող թաղամասերից հաջողվել է դուրս բերել ավելի քան 13.000 խաղաղ բնակչի: Բոլոր փախստականներին տեղավորել են հատուկ հումանիտար կենտրոններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, ռուս զինվորականները շարունակում են ականազերծել քաղաքի շրջանները: Մասնավորապես, սակրավորները պայթուցիկ սարքեր են վնասազերծել դպրոցում, մզկիթում ու մանկապարտեզում:

Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ գրոհ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին գրոհայինների հսկողությնա տակ: Ըստ վերջին տվյալների, կառավարական զորքերն արդեն վերահսկում են Հալեպի տարածքի 93 տոկոսը: