13 դեկտեմբերի 2016 - 17:59 AMT
Մխիթարյանն ու Անրին գովեստի խոսքեր են փոխանակել

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի կայքին տված հարցազրույցում պատմել է, որ երկրպագում էր Թիերի Անրիին վերջինիս «Արսենալի» կազմում խաղալու ընթացքում:

«Ես միշտ երկրպագում էի Թիերի Անրիին, երբ նա խաղում էր «Արսենալում»: Նա իմ սիրած ֆուտբոլիստներից մեկն էր, քանի որ մանուկ ժամանակ ես էլ էի խաղում հարձակվողի դերում: Այնուհետև ես կիսապաշտպան դարձա», - նշել է նա, գրում է Independent-ը:

Ինքը Անրին, ով աշխատում է Բելգիայի հավաքականում, ևս մեկնաբանել է Մխիթարյանի ու «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը՝ գովասանքով արտահայտվելով հայ ֆուտբոլիստի մասին:

«Նրանք («Մանչեսթեր Յունայթեդը» - խմբ.) այնքան հնարավորություններ են ունեցել, որ պիտի ավելի շատ հաղթեին սեփական հարկի տակ հանդիպումներում: Ինչևէ՝ եթե հնարավորություն ես ստացել, պիտի գոլ խփես: Մխիթարյանն այժմ խաղացողի տեսք ունի: Մրցաշրջանի սկզբում նա պատրաստ չէր», - ասել է նա, նշելով, որ «Յունայթեդը» կարող է վերադառնալ տիտղողների մրցավազք, երբ սկսեն ավելի շատ գոլեր խփել, գրում է Skysports-ը:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ ու 4 անգամ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող:

Թիերի Անրին «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 228 խփած գնդակով:

Հայ ֆուտբոլիստն առաջին անգամ չէ խոսում «Արսենալը» հավանելու մասին: 2009 թվականին 20-ամյա Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, նշել էր, որ երկրպագում է լոնդոնյան ակումբին: «Նրանց խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել», - ասել էր նա: