Հալեպում վերսկսվել է ընդդիմադիր զինյալների տարհանումը: Այդ մասին հայտարարել են սիրիական ընդդիմության և «Հեզբոլլահի» ներկայացուցիչները, որին սատարում է սիրիական կառավարությունը, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:
Սիրիայի իշխանությունների աղբյուրը հայտարարել է, որ գրոհայինների տարհանումը սկսվել է: Միջազգային Կարմիր խաչում ասել են, որ կազմակերպության աջակցությանն են դիմել նրանց տարհանելու հարցում:
Ինչպես հայտնել է Սիրիայում գործող հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, գրոհայինները հումանիտար միջանցքով կտարհանվեն Հալեպից 20 ավտոբուսով, «շտապ օգնության» 10 մեքենայով` դեպի Իդլիբ:
Ըստ կենտրոնի, Սիրիայի իշխանություններն անվտանգության երաշխիքներ են տվել բոլոր գրոհայիններին, որոնք կհեռանան արևելյան Հալեպից:
Գրոհայինների տարհանման նախապատրաստումն իրականացվել է ՌԴ նախագահ Պուտինի հանձնարարությամբ` Սիրիայի կառավարության հետ համագործակցությամբ:
Սիրիայում գործող հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հետևում է իրավիճակին Հալեպում տեսադիտարկման և անօդաչու սարքերի օգնությամբ: