15 դեկտեմբերի 2016 - 13:48 AMT
Հայոց ցեղասպանության թանգարանի կայքը` թուրքական DDoS հարձակումների թիրախում

Թուրքական հանցավոր Surface Defence հաքերների խումբը նոր սխեմա է մշակել, որը թույլ կտա ստեղծել DDoS հարձակումներ իրականացնող խմբերի լիգա: Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը թուրքական DDoS հարձակումների թիրախների ցանկում է, հայտնում է The Merkle-ն:

Պոտենցիալ թիրախների ցանկը, որոնք ենթարկվելու են DDoS հարձակումների, դեռ այնքան էլ երկար չէ, բայց մի քանի հայտնի կազմակերպություն է ներառում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից բացի ներառված է նաև Գերմանիայի Քրիստոնյա դեմոկրատական միության կայքէջը, որը գլխավորում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

Թուրքիայի հարաբերությունները Գերմանիայի հետ վատթարացան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական Surface Defence-ը DDoS հարձակումների մրցույթ է կազմակերպում, որի մասնակիցները մեկական միավոր կստանան հաջող հարձակումների յուրաքանչյուր 10 րոպեի համար: