Պետական մասնակցությամբ առևտրային որոշ կազմակերպություններ անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հանձնարականն է տվել մի շարք նախարարությունների՝ պարզաբանելով. դա արվում է ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայություների որակն էապես բարձրացնելու նպատակով:
«Պետք է նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»,- ասել է վարչապետը կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում, գրում է Ա1+-ը:
Նա Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է ամփոփել ներկայացրած առաջարկությունները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: