15 դեկտեմբերի 2016 - 15:41 AMT
Լեոնարդո Դի Կապրիոն $65.000 է փոխանցել «Հայաստանի մանուկներին»

Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:

Դերասանի նվիրատվությունը՝ Հայաստանի գյուղական համայքներում ապրող մանուկներին, կազմել է 65.000 ԱՄՆ դոլար: Նա այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին:

Հավաքույթի ընթացքում նաև այլ արվեստի գործեր են վաճառվել: Ամբողջ երեկոյի ընթացքում նվիրատվությունների միջոցով հավաքվել է $3.1 մլն, որով հիմնադրամը շարունակելու է իր՝ արդեն մեկնարկած ծրագրերը Հայաստանում, գրում է Arevelk.am-ը:

«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը վարել է հայկական ծագումով հոլիվուդյան կատակերգակ դերասանուհի Անդրեա Մարտինը:

Ավելի վաղ,Հայտնի ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հանդես է եկել տեսաուղերձով` կոչ անելով մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած բարեգործական ընթրիքին: