20 դեկտեմբերի 2016 - 13:27 AMT
Գերմանիայի դատարանը մերժել է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի դեմ հայցերը

Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ մի շարք բողոքները, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարան էր դիմել Թուրքիայի 8 քաղաքացի, որոնցից մի քանիսը ԳԴՀ-ում է ապրում: Դատարանը մերժել է բոլոր բողոքները նույն հիմնավորմամբ`վարույթ չընդունելով դրանք:

Որպես օրինակ դեկտեմբերի 19-ին հրապարակված դատարանի որոշումներից մեկում ասվում է, որ հայցում համոզիչ շարադրված չէ, թե ինչու է ԳԴՀ խորհրդարանի այդ որոշումը խախտում քաղաքացիների հիմնարար իրավունքները կամ կանոնները: Ըստ Կառլսռուեի դատարանի, Գերմանիայում բնակվող թուրքական ծագումով հայցվորի իրավունքների խախտումը «հավանական չի կարող համարվել»:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից: