11 հուլիսի 2007 - 14:47 AMT
Մեթյու Բրայզան հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը
ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում ընթացող ռազմաքաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Պետդեպարտամենտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ այդ հակամարտությունը դիտարկվել է տարածաշրջանային անվտանգության հարցի քննարկման շրջանակներում:

Ադրբեջանցի դիվանագետն ընդգծել է, որ «Վաշինգտոնը միշտ ճանաչել է Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»: Սակայն ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը: «Քննարկումներ են գնում այն հարցի շուրջ, թե սկզբունքներից որն է գերակա` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Այդ հարցում չկա ունիվերսալ բանաձեւ, կամ միջազգայնորեն ընդունված որեւէ մոտեցում»,-հայտարարել է նա, հաղորդել է ԱՊԱ-ն: