ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միասնական են այն հարցում, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը նաև հայտարարել է, որ ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ և ՊՆ ղեկավարները կոչ են անում հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը, ինչպես նաև հորդորում են բարիդրացիական համագործակցության:
Լավրովը հավելել է նաև, որ ՌԴ-մ, Իրանն ու Թուրքիան պատրաստ են դառնալ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև համաձայնության վերաբերյալ բանակցությունների երաշխավորները:
Երեք երկրները, ինչպես նշել է Լավրովը, հաստատում են ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ համատեղ պայքարելու և նրանցից զինյալ ընդդիմությունը զատելու վճռականությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կհավաքվեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ու ՊՆ ղեկավարները` քննարկելու համար իրավիճակը Սիրիայում: Այդ մասին ասվում էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: