22 դեկտեմբերի 2016 - 17:02 AMT
Նախարար. Հրաչյա Հարությունյանի արտահանձնմանը խոչընդոտում են նրա դեմ ներկայացված քաղհայցերը

Ռուսաստանում ՃՏՊ արդյունքում 18 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված են մի քանի քաղաքացիական հայցեր, ինչը խոչընդոտում է կազմակերպել նրա արտահանձնումը:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Պարբերաբար հիշեցումներ ենք ուղարկում ռուսական կողմին այդ հարցով: Որքանով ես եմ տեղյակ, քաղաքացիական հայցեր են ներկայացված, որոնք կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից, դիտարկվում են որպես նրան հանձնելու խոչընդոտ: Այս ամենը պարզվեց 2016-ի առաջին ամիսներին», - նշել է նախարարը:

Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ այս պահի դրությամբ հարցը ՌԴ լիազոր մարմինների ոլորտում է, գրում է Aysor.am-ը։

Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածության համաձայն Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում, քանի որ ՀՀ քաղաքացի է:

2013-ին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Նա դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման: