23 դեկտեմբերի 2016 - 14:11 AMT
2017-ի հունվարին վարչապետին կներկայացվի ՏՏ ոլորտի առարկայական ծրագրերի փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:

Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:

Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը: «Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը», - նշել է կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:

Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները և առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

2016թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ միայն ու ոչ այնքան զարգացման տարի էր, որքան իրականացվող քաղաքականության վերանայման։ Ապրիլյան պատերազմի ընթացքում հասկանալի դարձավ, որ մարտական գործողությունների արդյունավետությունը ներկայումս կախված է նաև նորագույն տեխնոլոգիական մշակումների առկայությունից։ Քառօրյա պատերազմից հետո ոլորտի բազմաթիվ ընկերություններ վերանայեցին իրենց մոտեցումներն ու պատրաստակամություն հայտնեցին ներկայություն ապահովել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։

Ընթերցեք նաև. Խելացի Հայաստան