23 դեկտեմբերի 2016 - 17:53 AMT
Պուտինն այլևս Անկարային մեղավոր չի համարում ռուսական Սու-24-ի խոցման համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փոխել է կարծիքը Թուրքիայում խոցված ռուսական Սու-24-ի մասին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո, գրում է Gazeta.ru-ն:

«Մեր դեսպանի սպանությունն առաջին հերթին հարձակում էր Ռուսաստանի դեմ: Ճիշտն ասած, ես թերահավատորեն էի վերաբերվում այն թեզին, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է առանց բարձրագույն ղեկավարության հրամանի: Բայց հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Ապակառուցողական տարրերը ներթափանցել են Թուրքիայի իշխանության և ուժային կառույցների ամենաբարձր շարքերը»,-ասել է Պուտինը:

Նա հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի երկնքում թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումը «սև ստվեր» էր անվանել: Ռուսական ռմբակոծիչը ոչնչացվել էր առանց օդային տարածքը խախտելու մասին զգուշացման: Ռուսական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը և ներողություն էր պահանջում թուրքական կողմից: