27 դեկտեմբերի 2016 - 11:08 AMT
ԵՏՄ երկրները հավանություն են տվել Իրանի հետ ԱԱԳ մասին բանակցությունների մեկնարկին

ՀՀ, ՌԴ, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հավանություն են տվել Իրանի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ ԱԱԳ մասին բանակցությունների մեկնարկին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«4 երկրի նախագահները հավանություն են տվել Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ առևտրի ազատ գոտիների ստեղծման մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկին: Դա նշանակում է, որ արդեն Եվրասիական հանձնաժողովի հարթակում կսկսվի այդ երկրների հետ համաձայնագիր կնքելու ինտենսիվ նախապատրաստական աշխատանքը»,-ասել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ նախագահները հանձնարարել են աշխատանքային խմբեր ստեղծել, ինչպես նաև բանակցությունները վարելու համար պատասխանատու անձանց նշանակել:

ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ անդրադարձել է Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: «Իրանի նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը»,-ասել է նախագահը:

Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը: