Պուտինը ստորագրել է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային միավորված համակարգի ստեղծման մասին օրենքը, որը մինչ այդ ստորագրել էր Պետդուման:
Հայաստանի հետ 2015-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված համաձայնագիրը Պետդումայի քննարկմանն էր ներկայացվել ՌԴ նախագահի կողմից: Համաձայնագրով նախատեսվում է հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միավորված համակարգի ստեղծում, որը ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի բաղադրիչ մասը կլինի:
Միավորված համակարգի հիմնական խնդիրները մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում, ինչպես նաև միավորված համակարգի սպառազինության և ռազմատեխնիկայի մշտական պատրաստության ապահովումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել էր Օհանյանը: