ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է կրթությունը որպես սոցիալական և տնտեսական զարգացման, ազգային ինքնության շարունակականության ապահովման, արտադրողականության մշակույթի խթանման և հասարակության ներդաշնակ զարգացման կարևորագույն գործոն:
Որակյալ կրթությունը թվարկված արդյունքներին հասնելու գրավական է՝ ուղղված սեփական երկրում տարբեր ոլորտներում ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծմանն ու երկրից «ուղեղների արտահոսքը» կասեցնելուն: Այն նաև մրցակցային առավելություն ձևավորելու և արժեքի ստեղծման միջազգային շղթայում ներկայություն ապահովելու նախապայման է:
«Որակյալ կրթություն ապահովելը ներդրում է ապագայում: Կրթությունը սեփական ճակատագրի տերը լինելու միջոց է: Դրա այլընտրանքը սեփական ապագան ինքնահոսի թողնելն է և հանգամանքներին ենթարկվելը՝ թե՛ անհատների և թե՛ երկրների առումով: Կրթությունը մարդու անհատականությունը, մտածողությունն ու ստեղծագործականությունը զարգացնելու ուղի է: Ահա թե ինչու ենք մենք կրթությունը դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների կարևոր ոլորտներից մեկը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները կրթության ոլորտում մասնավորապես իրականացվել են հետևյալ ծրագրերում.
- Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ուսումնական ծրագրի ներառում Հայաստանի մի շարք ավագ դպրոցների ծրագրերում
- Աջակցություն ռոբոտաշինության ոլորտին և լաբորատորիաների հիմնում
- Հանրային գրադարաններում և կրթական հաստատություններում Wi-Fi ենթակառուցվածքի ներդրում
- Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ
- Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ
- Երիտասարդների և հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված բնապահպանական կրթություն
- Համակարգիչների տրամադրում մշակութային և կրթական կենտրոնների
- Ինտերնետ հասանելիության ապահովում՝ մի շարք սահմանամերձ գյուղերում
- Հայաստանում և արտերկրում սովորող ուսանողների ուսման վճարի ապահովում
- Սեմինարներ և դասընթացներ՝ Հայաստանի նեոնատոլոգների և բուժաշխատողների համար
- Ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկա ընկերությունում
- Բաց դռների օրեր ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ուսանողներին ընկերության կորպորատիվ մշակույթը ներկայացնելու նպատակով
- Բազմաթիվ այլ ծրագրեր:
Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ: 2005-2016 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կրթության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3,3 միլիարդ դրամ: