11 հունվարի 2017 - 14:08 AMT
ԱՄՆ Կոնգրեսի նոր պատժամիջոցներն ուղղված են ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը:

«Մենք հարձակման ենք ենթարկվել Ռուսաստանի կողմից: Պետք է միջոցներ ձեռնարկել, որոնք ցույց կտան, որ այդպիսի գործողություններն անհետևանք չեն մնա»,-հայտարարել է օրինագիծը ներկայացնող դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը, գրում է Deutsche Welle-ն:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

Ըստ Քարդինի, լրացուցիչ պատժամիջոցները պատասխան կլինեն ԱՄՆ անվտանգությանը սպառնացող հաքերային գրոհներին, ինչպես նաև ՌԴ գործողություններին Սիրիայում և Ուկրաինայում: Օրինագծով նախատեսվում է մասնավորապես ԱՄՆ մուտքի սահմանափակում կիբերհարձակումների համար պատասխանատու անձանց համար և նրանց հաշվեհամարների սառեցում: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը:

Լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին, ինչպես նաև ուղղված կլինի այն անձանց դեմ, որոնք մասնակցել են մարդու իրավունքների խախտումներին ՌԴ կողմից գրավյալ տարածքներում: