23 հուլիսի 2007 - 18:19 AMT
ԱՄՆ-ն ու Իրանը բանակցությունների երկրորդ փուլ կանցկացնեն Իրաքի շուրջ
Հուլիսի 24-ին Բաղդադում ԱՄՆ-ն ու Իրանը բանակցային նոր փուլ կսկսեն Իրաքում անվտանգության հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Քուրա Խոշիյար Զիբարին: Նա նշել է, որ Իրաքը կողմ է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խորհրդակցությունների երկրորդ փուլ անցկացնելուն Իրաքի անվտանգության հարցի շուրջ եւ հուսով է, որ առաջիկա հանդիպումը իրական արդյունք կտա: Իրաքում ԱՄՆ դեսպան Ռայան Քրոկերը եւ Իրաքում Իրանի դեսպան Հասան Քազեմի-Քումին առանձնազրույց կանցկացնեն, որին կմասնակցեն նաեւ Իրաքի կառավարության պաշտոնատար անձիք, հաղորդում է Իրան.ռու-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի դեսպանները ընթացիկ տարվա մայիսի 28-ին բանակցություններ են վարել Բաղդադում Իրաքի անվտանգության հարցի շուրջ, որը երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակի առավել բաց հանդիպումն էր 1980 թվականին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր: Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո ԱՄՆ-ն եւ Իրանը թշնամաբար են տրամադրված միմյանց հանդեպ: Ներկայումս նրանք լուրջ տարաձայնություններ ունեն Իրաքի հարցում: ԱՄՆ-ն պահանջել է Իրանից դադարեցնել միջամտությունը Իրաքի ներքին գործերին, կասեցնել սպառազինության եւ միջոցների մատակարարումն Իրաքի շիա գրոհայիններին, ինչպես նաեւ դադարեցնել նրանց մարզումը: Թեհրանն, իր հերթին, պահանջել է ԱՄՆ-ից Իրաքից զորքերի փուլային դուրս բերում: