14 հունվարի 2017 - 12:19 AMT
Փայլան. Ցեղասպանության հարցում թուրք պատգամավորները կորցրել են բազմակարծության իրավունքը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

«Ցեղասպանության և ջարդերի հարցում մենք կորցրել ենք բազմակարծության իրավունքը»,- ասել է Փայլանը, մեջբերում էEvrensel.net-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ խորհրդարանի փոխխոսնակը թույլ չի տվել պատգամավորին շարունակել իր ելույթը: Վերջինս արտահայտել է Թուրքիայում տարածված ու գերիշխող այն տեսակետը, թե այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանություն որակվել»:

Փայլանն անդրադարձել է նաև քննարկվող սահմանադրական փոփոխություններին՝ դրանց ընդունումը համեմատելով սուլթանական դարաշրջանի հետ՝ նշելով, որ չի կարելի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում:

Ավելի վաղ Վաշինգտոնում անցած խարհրդաժողովի ընթացքում Կարո Փայլանը հայտարարել էր, թե այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին: