25 հուլիսի 2007 - 16:03 AMT
ՄԱԿ-ի ԳՎ-ի 62-րդ նստաշրջանում կքննարկվեն նախորդ նստաշրջանից մնացած Ղարաբաղին վերաբերող հարցեր
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր երկու կետ, որոնք ուղղակի առնչություն ունեն ղարաբաղյան հակամարտության հետ որպես այդպիսին` մեկը ներկայացված Ադրբեջանի կողմից, մյուսը` ՎՈՒԱՄ-ի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, նշյալ հարցերից որեւէ մեկը դեռեւս չի քննարկվել ԳՎ 61-րդ նստաշրջանի ընթացքում եւ, որպես այդպիսին, նրանք, ըստ ԳՎ ընթացակարգերի, ներառվում են հաջորդ նստաշրջանի նախատեսվող օրակարգի կետերի շարքում: «Օրակարգի կետերը ներառված են համարվում հաջորդ նստաշրջանի օրակարգում միայն համապատասխան որոշման դրույթի առկայության կամ տվյալ նստաշրջանի ժամանակ գլխավոր վեհաժողովի կողմից համապատասխան որոշման կայացման դեպքում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ղարաբաղյան խնդրի հարցը պարտադիր կքննարկվի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընթացքում ընթացիկ տարվա սեպտեմբերին: