25 հուլիսի 2007 - 16:33 AMT
Վաղաժամ է կանխատեսումներ անել Հայաստանի հետ հարաբերությունների վրա Թուրքիայում կայացած ընտրությունների ազդեցության մասին
Վաղաժամ է կանխատեսումներ անել Հայաստանի հետ հարաբերությունների վրա Թուրքիայում կայացած ընտրությունների ազդեցության մասին, չորեքշաբթի լրագրողներին է հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը: «Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում արտացոլում են երկրում ընթացող ներքին գործընթացները եւ Հայաստանի հետ կապված կանխատեսումները խիստ վաղաժամ են, քանի որ իրենց նախընտրական ծրագրում չի եղել ոչ մի հարց, որ վերաբերվեր պաշտոնական Երեւանի հետ հարաբերություններին»,-ասել է Բայբուրդյանը:

Միեւնույն ժամանակ փոխնախարարը նկատել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Արդարության եւ զարգացման կուսակցությունն» այս պահի դրությամբ ոչ մի կերպ չի դրսեւորել իր նախընտրական ծրագրի դրույթները: «Միայն նոր կառավարության աշխատանքի մեկնարկից հետո, երբ տեսանելի կդառնա նրանց քաղաքականությունը, հնարավոր կլինի իրատեսորեն գնահատել նրանց դիրքերը»,-ասել է Բայբուրդյանը:

Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք այս ընտրությունները Թուրքիայի համար նահանջ արձանագրել աշխարհիկ պետության սկզբունքներից` Հայաստանի ԱԳ փոխնախարարն ասել է, որ ցանկացած պատասխան կամ գնահատական այս պահին կարող է զուտ տեսական բնույթի լինել, «քանի որ մենք հիմնվում ենք լոկ գործնական առարկայական գնահատականների վրա»,-հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: