16 հունվարի 2017 - 11:52 AMT
ՌԴ-ում ԵՏՄ երկրներից ներգաղթյալներին կարող են զրկել պարտադիր բուժապահովագրությունից

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը միջոցներ տնտեսելու նպատակով մտադիր է «ազատել» բուժապահովագրության համակարգը «ավելորդ» մարդկանցից: Բուժապահովագրությունից կարող են զրկվել զինծառայողները, չաշխատողները, ԵՏՄ երկրներից ներգաղթածների կանայք և երեխաները:

ՌԴ առողջապահության փոխնախարար Դմիտրի Կոստեննիկովը համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է աշխատանքի, ԱԳ, ֆինանսների և այլ նախարարություններին, հայտնում է Ura.ru-ն:

Այժմ օրինագիծ է մշակվում, ըստ որի առանց հարգելի պատճառի չաշխատող քաղաքացիները ստիպված կլինեն հարկ վճարել բժշկական ենթակառուցվածքներից օգտվելու համար:

Առաջարկվում է ապահովագրությունից զրկել նաև ԵՏՄ երկրներից ներգաղթածներին, որոնք աշխատում են առանց պաշտոնական պայմանագրի: Դրա համար հարկ կլինի փոփոխություններ կատարել ԵՏՄ պայմանագրում, որտեղ ասվում է, որ ԵՏՄ երկրներից ՌԴ ներգաղթյալները բուժօգնությունից օգտվելու նույն իրավունքներն ունեն, ինչ ՌԴ քաղաքացիները:

ՌԴ առողջապահության նախարարությունը նշում է, որ շատ երկրներում ուղղակի բացակայում է բուժապահովագրությունը, ուստի հավասարությունը խախտված է:

Ավելի վաղ Մոսկվայի իշխանություններն առաջարկել էին բուժապահովագրություն տրամադրել միայն այն ռուսաստանցիներին, որոնք 3 տարին մեկ պարտադիր բուժզննման են ենթարկվում: