26 հուլիսի 2007 - 18:10 AMT
Դավիթ Ապցիաուրի. Կովկասում սառեցված հակամարտություններ չկան, կան սառեցված խնդիրներ
«Այսօր Կովկասում չկան սառեցված հակամարտություններ, կան սառեցված խնդիրներ»,- ասել է Լիտվայում Վրաստանի դեսպան Դավիթ Ապցիաուրին միջազգային ամառային Ակադեմիայի ժամանակ, որը անցնում է լիտվական կոնֆերանս-կենտրոն «Դուբինգյայում» եւ նվիրված է մերձբալթյան-սեւծովյան համագործակցությանն ու Ռուսաստանի դերակատարությանը «սառեցված հակամարտություններում»:

«Մեր դիրքորոշումն այսօր այսպիսին է. մենք բոլորս շատ ժամանակ եւ բազմաթիվ հնարավորություններ ենք բաց թողել, սակայն պետք է առաջ գնալ,- ասել է դեսպանը: - Պետք է հեռանալ ընդունված ստերեոտիպերից եւ ուղիղ երկխոսություն տանել կողմերի միջեւ, որպեսզի ընդհանուր հայտարար գտնվի: Վրաստանը ակտիվորեն զարգանում է, եւ մեզ հետ Աբղազիան եւ Օսիան եւս շատ բանի կարող են հասնել»:

Լիտվայում Վրաստանի դեսպանն ընդգծել է, որ «Ռուսաստանն այդ իրադրությունում անկասկած հանդիսանում է մեծ ընտանիքի այն անդամը, ով իրեն պահում է ոչ այնպես, ինչպես ընդունված է»,- հաղորդում է Կավկազ-Պրեսս-ը: