26 հուլիսի 2007 - 19:21 AMT
ԱՄՆ. Քրդական խնդրի լուծման համար Թուրքիան պետք է օգտագործի ոչ միայն զենքը, այլեւ դիվանագիտությունը
Քրդական խնդրի միայն ռազմական կարգավորումը բավական չէ, պետք է նաեւ դիվանագիտական ջանքեր ներդրվեն: Այդ մասին հայտարարել է բրիգադային գեներալ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գործողությունների բաժնի տնօրեն Ռոբերտ Հոլմսը: «Թուրքիան պետք է օգտագործի դիվանագիտությունը, որպեսզի լուծի Քրդական Աշխատանքային կուսակցության (PKK) ահաբեկչության խնդիրը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից PKK-ին զինամթերքի հնարավոր մատակարարմանը, ապա ես պետք է համապատասխան զեկույց տեսնեմ որպես փաստարկ, որպեսզի պատասխան տամ»,- նշել է Հոլմսը:

Հիշեցնենք, որ Թուրքիան պատրաստվում է սահմանամերձ ռազմական օպերացիա ձեռնարկել Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ներկա դրությամբ Թուրքիայի եւ Իրաքի սահմանին թուրքական զորքերի 135-հազարանոց կոնտինգենտ է կենտրոնացել: Թուրքիայի վարչապետն ու Գլխավոր շտաբի ղեկավարը բազմաթիվ անգամներ հայտարարել են քրդերի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին: