19 հունվարի 2017 - 11:15 AMT
«Մանչեսթեր Յունայթեդը»՝ 2015-16-ին աշխարհի ամենաեկամտաբեր ակումբը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր եկամուտներով դարձել է 2015/2016 խաղաշրջանի աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբն` առաջ անցնելով բազմակի առաջատար իսպանական «Ռեալից», որն այդ տիտղոսին է արժանացել 11 անգամ: Ըստ միջազգային աուդիտորական Deloitte ընկերության ամենամյա «Դրամական լիգա» հետազոտության, «ՄՅու»-ն 2015/2016 խաղաշրջանում վաստակել է €689 մլն (£515,3 մլն), ինչը գրեթե €170 մլն ավելի է նախորդի համեմատ:

Ընդ որում, անգլիական պրեմիեր լիգայի 20 ակումբի համախառն եկամուտը ևս ռեկորդային էր` ավելանալով 12%-ով և հասնելով 7.4 մլրդ եվրոյի:

€620,1 մլն ստացած Մադրիդի ակումբը երրորդ տեղն է զբաղեցրել և չի կարողացել առաջ անցնել իր հիմնական մրցակից «Բարսելոնայից» (€620,2 մլն): Աշխարհի ֆինանսապես ամենահաջող ակումբների առաջին 5-յակում են նաև գերմանական «Բավարիան» (€592 մլն) և անգլիական «Մանչեսթեր Սիթին» (€524,9 մլն):