19 հունվարի 2017 - 11:31 AMT
«Զարյա» ակումբի գլխավոր մարզիչ. Կադիմյանը լավ տեխնիկա ունի

ՌԴ Լուգանսկի «Զարյա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը պարզաբանել է, թե ինչու է որոշել իր թիմում ընդգրկել Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանին:

«Նա երիտասարդ ֆուտբոլիստ է: Ճանաչում եմ նրան «Օլիմպիկի» կազմում իր խաղով: Նա ինձ դուր էր գալիս, կենտրոնական հարձակվող էր, գոլեր էր խփում: Նա լավ արագություն ունի, տեխնիկա, լավ է կլարողանում պայքարել «վերևում»,-ասել է Վերնիդուբը` հավելելով, որ հուսով է, որ երիտասարդ կիսապաշտպանին կհաջողվի նորովի բացահայտվել «Զարյայի» կազմում, հայտնում է « Sputnik-Արմենիան» ` ուկրաինական «Ֆուտբոլ-24» սպորտային պորտալի վրա հղումով:

«Ամեն ինչ նրա ձեռքերում է»,-ասել է մարզիչը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղամ Կադիմյանը պայմանագիր է կնքել ուկրաինական «Զարյա» ակումբի հետ, ուր տեղափոխվել է «Կարպատներից»: Կադիմյանը «Կարպատներ» էր տեղափոխվել 2016-ի փետրվարին: Ուկրաինայի առաջնությունում նա 15 հանդիպման է մասնակցել և 2 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում հայ հարձակվողն ավելի հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում` մասնակցելով միայն 7 խաղի:

2016-ի մարտին Կադիմյանը կանչվել է Հայաստանի ազգային հավաքական: Մարտի 25-ին նա առաջին անգամ մասնակցել է խաղին հավաքականի կազմում: Տարբեր տարիներին Կադիմյանը խաղացել է Երևանի «Փյունիկի», Խարկովի «Արսենալի», Արմյանսկի «Տիտանի», Դոնեցկի «Սումի», «Գովերլա» և «Օլիմպիկ» ակումբների կազմում: