19 հունվարի 2017 - 23:15 AMT
Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել

Հայաստանի հավաքականի ու թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել երկրի գավաթի հերթական խաղի ընթացքում:

«Բեշիքթաշը» սեփական հարկի տակ հաղթել է «Դարըչա Գենչերբիրլիղիին» 3-0 հաշվով: Հայ ֆուտբոլիստը դարձել է երրորդ գոլի հեղինակը՝ խփելով այն տուգանայինից հանդիպման 70-րդ րոպեին:

25-ամյա կիսապաշտպանը 2016-ի հունվարին «Բեշիքթաշից» վարձավճարով տեղափոխվել էր մադրիդյան «Ռայո Վալյեկանո», սակայն խաղերին գրեթե չէր հայտավորվում: 2016-ի հունիսին Օզբիլիսը վերադարձել էր «Բեշիքթաշ»:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Խաղացել է նաև ռուսաստանյան «Կուբանում» և «Սպարտակում»: