20 հունվարի 2017 - 09:23 AMT
Հակառակորդը շփման գծում խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառել

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց: Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց):

ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Սև նետ», «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով մոտ 90 կրակոց: