23 հունվարի 2017 - 16:57 AMT
Փետրվարի 1-ից «Շիրակ» օդանավակայանում ավիաօդերևութաբանական սպասարկումն անվճար կլինի

ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավիաօդերևութաբանական ծառայություններ է մատուցում նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար:

«Շիրակ» օդանավակայանի զարգացման, գործունեության ընդլայնման, ինչպես նաև այն առավել գրավիչ դարձնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել 2017-ի փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար այդտեղ սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում: Մինչ այդ մեկ ավիաչվերթի սպասարկման գումարը կազմում էր 33.000 դրամ:

Այս որոշման նպատակն է մեծացնել ավիաընկերությունների հետաքրքրությունը «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս հնարավորությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը և խթանելով տուրիզմի` այդ թվում նաև էկոտուրիզմի զարգացմանը:

2016-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեկտեմբերին ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: