6 օգոստոսի 2007 - 15:18 AMT
Անկախ Կոսովոյի ճակատագրից Ղարաբաղը կընթանա անկախության միջազգային ճանաչման ուղիով
«Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, եւ այդ առումով բացառություն չի կազմում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը»: Մեր կարծիքով, յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտարկել խնդրի առանձնահատկությունները հաշվի առնելով»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, Կոսովոն` իր: Այսօր Ղարաբաղը հստակ ընթանում է ինքնորոշման ուղիով, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի այլ հակամարտությունների վերջնական լուծումը: «Չմոռանանք, որ ի տարբերություն Կոսովոյի հակամարտության, որի ժամանակ միջազգային ուժերն ու ՆԱՏՕ-ն վերջ դրեցին Սերբիայում ընթացող պատերազմին եւ երբ ՄԱԿ-ն ու Եվրամիությունն այնտեղ յոթ տարի շարունակ պետական կառույցներ էին հիմնում, Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե քսան տարի է, ինչ փորձում է ինքնուրույն հաղթահարել իրեն պարտադրված ագրեսիայի հետեւանքները եւ հաջողության հասնել պետականության կառուցման ճանապարհին: Անկախ Կոսովոյի ճակատագրից Ղարաբաղը կընթանա անկախության միջազգային ճանաչման ուղիով»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Ինտերֆաքսը: