Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ:
Թուրքական Birgun լրատվական կայքը լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին հղումով հաղորդում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել իր տեսակետն ու առաջարկները:
Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադար մեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատել խաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և համատեղ պայքարել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
Ermenihaber.am-ը գրում է, որ Աստանայի բանակցություններին մասնակցել են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիայի իշխանության ներկայացուցիչը:
Թուրքիայի պահանջով Աստանա չեն հրավիրվել Սիրիայի քրդական ուժերը (Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն (PYD) և նրա զինված ուժերը՝ YPG), որոնց թուրքական կողմն ընկալում է որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) տարրեր: Իսկ PYD/YPG-ն էլ ի պատասխան հայտարարել է, որ չի ճանաչելու բանակցություններում ձեռք բերված որոշումները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվա ժամանած Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կողջունեին Ռուսաստանի ցամաքային գործողությունը Սիրիայում, եթե դա թույլ տա խաղաղություն հաստատել երկրում: