Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կառավարությունը կհրապարակի «սպիտակ գիրքը» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու` Brexit-ի ծրագրի վերջնական տարբերակով:
Անգլալեզու երկրներում «սպիտակ գիրք» են անվանում որոշակի հարցում կառավարության քաղաքականությունը պարզաբանող փաստաթղթի վերջնական տարբերակը: «Սպիատկ գիրքը» թույլ է տալիս քննարկել օրինագիծը մինչ քվեարկության դնելը:
«Նախորդ շաբաթ ես համաձակ ծրագիր նախանշեցի Մեծ Բրիտանիայի համար, ես հասկանում եմ, որ մեծ ցանկություն կա այդ ծրագիրը տեսնել «սպիտակ գրքում»,-ասել է Մեյը: «Ես կարող եմ հաստատել, որ այդ ծրագիր կհրապարակվի «սպիտակ գրքում»:
Մեյը ծրագրային ելույթ է ունեցել այդ հարցի շուրջ Լոնդոնում, որտեղ նա շեշտել է, որ ձգտելու է լավագույն հարաբերությունների պահպանմանը եվրոպական երկրների հետ, սակայն, ցանկանում է, որ երկիրը համաշխարհային տնտեսական ընկերակցության ավելի ակտիվ անդամ դառնա:
Ավելի վաղ Գերագույն դատարանը որոշել էր, որ կառավարությունը Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու համար պետք է ստանա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հավանությունը:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Քվեարկածների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը, որը գլխավորեց կառավարությունը Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո, մտադիր է երկու տարվա ընթացքում ձևակերպել Brexit-ը: